Երկուշաբթի, 24 Ապրիլի 2023 10:49
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը պատրաստվում է վավերացնել ՌԴ-ի հետ ԵԱԶԲ-ում Ռուսաստանի մասնաբաժնի վերաբաշխման մասին համաձայնագիրը

Հայաստանը պատրաստվում է վավերացնել ՌԴ-ի հետ ԵԱԶԲ-ում Ռուսաստանի մասնաբաժնի վերաբաշխման մասին համաձայնագիրը

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն`  ապրիլի 18-ին  գումարված  արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած  օրակարգով:  Այդ մասին հաղորդել է ԱԺ մամուլի ծառայությունը:

 

Աղբյուրի համաձայն, արտահերթ նիստի օրակարգում ներառված է երկու հարց.  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին; «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին:

 

Հայաստանի կառավարությունը մարտի 9-ի նիստում հավանություն է տվել ՌԴ-ի հետ ԵԱԶԲ-ում Ռուսաստանի մասնաբաժնի վերաբաշխման մասին համաձայնագրի ստորագրմանը, ըստ որի, 64 մլն դոլար արժողությամբ 64 հազար բաժնետոմս ձեռք բերելուց հետո Հայաստանի մասնաբաժինը ԵԱԶԲ-ի կապիտալում կկազմի 4,22 տոկոս:

 

Հիշեցնենք, որ ս.թ. հունվարին ԵԱԶԲ խորհուրդը հավանություն էր տվել բանկի մասնակիցների միջև կանոնադրական կապիտալի վերաբաշխմանը, ինչի արդյունքում Ռուսաստանին պատկանող բաժնետոմսերի փաթեթի մի մասը, որը կազմում է 321 151 բաժնետոմս բանկի վճարված կանոնադրական կապիտալում, հավասարաչափ բաշխվում է մյուս մասնակից պետությունների միջև։ Արդյունքում՝ Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը ԵԱԶԲ-ում 65,9761% - ից նվազում է մինչև 44,7878%: Վերաբաշխման արդյունքում ԵԱԶԲ-ի վճարված կանոնադրական կապիտալում մասնակից մյուս պետությունների մասնաբաժինները կլինեն հետևյալը. Ղազախստան՝ 37,2865%, Ղրղզստան ՝ 4,2291%, Բելառուս՝ 5,2121%, Տաջիկստան՝ 4,2555%:

 

ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է: Դրա մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: