Երկուշաբթի, 24 Ապրիլի 2023 10:51
Ալինա Հովհաննիսյան

Nvidia-ի ղեկավար. Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ

Nvidia-ի ղեկավար. Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ

Արմինֆո.Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ Nvidia ընկերությունն արդեն տոնում է իր միամյակը Հայաստանում՝ շուրջ 150 աշխատակիցներով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակցել է Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Nvidia-ի կողմից մեր երկրում գիտահետազոտական կենտրոնի հիմնումը, որի բացումը տեղի է ունեցել նախորդ տարի: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է առաջնահերթություն, և գործադիրը շարունակելու է ստեղծել պայմաններ ու հնարավորություններ՝ ՏՏ ոլորտի նորանոր ընկերություններ ներգրավելու համար:

Ջենսեն Հուանգը նշել է, որ տպավորված է Հայաստանով, այստեղ բարձր տեխնոլոգիաների բնագավառում առկա ներուժով ու մարդկային կապիտալով, նաև նշել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ, և իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացմանն և նոր ծրագրերի իրագործման հնարավորություններին վերաբերող հարցեր։ Nvidia ընկերության կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնային հովտում։ Ընկերությունը գնահատվում է շուրջ 700 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ տարեկան շրջանառությունը գերազանցում է տարեկան 26 մլրդ ԱՄՆ դոլարը։