
Արմինֆո. 2023 թվականի մարտին մենք ունենք գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը նշել է, որ երրորդ հանրապետության պատմության մեջ նախորդ այդպիսի ռեկորդ արձանագրվել էր 2022 թվականին, երբ գրանցվել էր 704 420 աշխատատեղ, իսկ 2023 թվականի մարտին արդեն ունենք 706 294 աշխատատեղ: «2023 թվականի մարտ ամսվա աշխատատեղերը նախ 2018 թվականի մայիսի համեմատ ավելի են 158 305-ով: Այսինքն՝ շուրջ 30 տոկոսով ավելացել են աշխատատեղերը 2018 թվականի մայիսի նկատմամբ: 2023 թվականի մարտին 2023 թվականի մարտի նկատմամբ աշխատատեղերն ավելացել են 14 028-ով, իսկ 2023 թվականի մարտին 2022 թվականի մարտի նկատմամբ աշխատատեղերն ավելացել են 51 510-ով: Շատ կարևոր է աշխատավարձի ֆոնդի շարժընթացը: 2023–ի մարտին 2022-ի մարտի նկատմամբ աշխատավարձային ֆոնդն ավելի է 53 մլրդ 616 մլն դրամով: Այսինքն՝ 33 տոկոսով մեկ տարվա ընթացքում աշխատավարձային ֆոնդն ավելացել է, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ աշխատավարձի ֆոնդը ավելացել է 116 մլրդ 439 դրամով կամ 120 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի մայիսի նկատմամբ երկրում աշխատավարձային ընդհանուր ֆոնդը կրկնապատկից ավելի մեծացել է: Եվ այս տարվա փետրվարի նկատմամբ մենք ունենք 29 միլիարդ 49 միլիոն դրամի աշխատավարձի ֆոնդ, որն ավելի է շուրջ 15 տոկոսով: Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի նկատմամբ այս տարվա մարտին միջին աշխատավարձն ավելի է 125 313 դրամով կամ 71 տոկոսով, 2023 թվականի մարտը 2023 թվականի փետրվարի նկատմամբ՝ 35 848 դրամով կամ 13,5 տոկոսով, իսկ 2023 թվականի մարտը 2022 մարտի նկատմամբ 58 000 դրամով կամ 23 տոկոսով: Սա կարևոր է գնաճի հետ համեմատության տրամաբանության մեջ, որովհետև օրինակ, մարտը մարտի նկատմամբ մեր 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս, իսկ միջին աշխատավարձի աճը՝ 23,9 տոկոս: Իսկ տարեկան գնաճը, այսինքն՝ հունվար-մարտ գնաճը կազմել է 7.2 տոկոս, իսկ միայն փետրվարին մենք աշխատավարձի աճ ենք ունեցել 13.5 տոկոսով, ինչն կրկին շատ կարևոր է։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է, և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար», - հայտարարել է Փաշինյանը: