Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023 15:51
Նաիրա Բադալյան

Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին. ֆինանսների նախարար

Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին. ֆինանսների նախարար

Արմինֆո. Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, այսօր գործադիրի նիստում անդրադառնալով կապիտալ ծախսերին, ֆինանսների նախարարը նշել է, որ 2021 թվականին կապիտալ ծախսերը կազմել են 216 միլիարդ դրամ: «2022 թվականին, երբ մենք պլանավորում էինք 342 միլիարդ դրամ, ինքներս գիտեինք, որ դրա հետ կապված ռիսկեր կան, և մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես ասում էին, որ չեք կարողանալու սա անել: Բայց ուզում եմ ասել, որ մեր կապիտալ ծախսերը փաստացի եղել են 380 միլիարդ դրամ: Այսինքն՝ մենք ոչ միայն կատարել, այլև նաև պլանավորվածից ավելին ենք կատարել: Եվ սա որոշակի վստահություն է տալիս մեզ, որ այն թիրախները, որը մենք դրել ենք կապիտալ ծախսերի ՀՆԱ-ում աճի մասով՝ իրագործելի են, և մենք մեր ընթացակարգերը և մեր կարողությունները զարգացնելու միջոցով պետք է ձգտենք այս ցուցանիշներն էլ ավելի բարելավելու՝ առաջիկա միջնաժամկետ ժամանակահատվածում»,-ասել է նախարարը:

Թեմայի առնչությամբ կառավարության ղեկավարն ընդգծել է կապիտալ ծախսերը պատշաճ որակով իրականացնելու կարևորությունը, քանի որ այն մեծապես պայմանավորում է տնտեսական ակտիվությունը և տնտեսական աճը: «Կապիտալ ծախսերը պետք է արվեն մաքսիմալ արագ, մաքսիմալ որակով և մաքսիմալ արդյունավետ: Խոսքը պետական բյուջեի 2022թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու և այն Ազգային ժողով ուղարկելու մասին է: Առաջիկայում մեզ Ագային ժողովում սպասվում է և՛ հանձնաժողովների մակարդակով մանրամասն քննարկում, և՛ լիագումար նիստերի մակարդակով քննարկում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել և մանրամասն բովանդակային քննարկում ունենալ խորհրդարանի մեր գործընկերների և այդպիսով՝ նաև հանրության հետ, որովհետև հանրությունը նույնպես պետք է հնարավորինս մանրամասն տեղեկացված լինի մեր բյուջետային գործերից: Նախատեսվում է ընթացակարգերով նաև մարզպետներին ներգրավվածությունը բյուջետային քննարկումներում: Շատ կարևոր է, որ մենք մանրամասն ներկայացնենք մարզերում տեղի ունեցած ներդրումները: Ես խորհրդարանում հայտարարեցի, որ վերջին հինգ տարիներին մարզերում կառավարությունն աննախադեպ չափերի՝ 1.2 մլրդ դոլարի ներդրում է ունեցել: Հարգելի մարզպետներ, ձեր հաշվետվությունների ընթացքում շատ կարևոր է, որ դուք ներկայացնեք, թե 1.2 մլրդ դոլարն ինչ է եղել, ինչ է դարձել, ինչի է վերածվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: