Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023 18:29
Ալինա Հովհաննիսյան

Երևանում կայացել է հայ-հնդկական գործարար համաժողով

Երևանում կայացել է հայ-հնդկական գործարար համաժողով

Արմինֆո. Երևանում կայացել է հայ-հնդկական գործարար համաժողով: Այդ մասին հաղորդել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը՝ ֆեյսբուքյան իր Էջում։ Համաժողովի կազմակերպիչներն էին Հնդկաստանի առևտրի պալատը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը։

Ըստ աղբյուրի, համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների միջև B2B ձևաչափով հանդիպումներ, ինչպես նաև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հնդկաստանի առևտրի պալատի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի միջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել էր, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի ծավալը վերջին տարիներին զգալիորեն աճել է: Մասնավորապես, ըստ նրա, 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 128,5 մլն դոլար, մինչդեռ 2021 թվականին այն արդեն գտնվում էր 216,1 մլն դոլարի մակարդակում, իսկ 2022 թվականի հունվար-նոյեմբերին այդ ցուցանիշը հասել է 315,4 մլն դոլարի ։ "Սակայն այս թվերը չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրաշրջանառության ծավալների ավելացում", - ասել էր Հակոբ Արշակյանը ։