Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 17:04
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը երկրորդ արբանյակը տիեզերք արձակելու աշխատանքներ է տանում. նախարար

Հայաստանը երկրորդ արբանյակը տիեզերք արձակելու աշխատանքներ է տանում. նախարար

Արմինֆո.Հայաստանն աշխատանքներ է տանում տիեզերք երկրորդ արբանյակի արձակման ուղղությամբ, աշխատանքները նախնական փուլում են։ Այդ մասին մայիսի 4-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

 

«Մենք դեռ շուկայի ուսումնասիրություններ ենք կատարում՝ գնահատելով մեր հնարավորություններն ու առաջարկները: Ես չեմ կարծում, որ 2023 թվականին կունենանք երկրորդ արբանյակը, բայց, ամեն դեպքում, աշխատանքներ տարվում են", - նշել է Խաչատրյանը։

 

Նախարարն անիրատեսական է համարում Հայաստանում արբանյակների արտադրություն հիմնելու հնարավորությունը։ "Բայց եթե մենք կարողանանք երկրորդ կամ երրորդ արբանյակի գոնե մի փոքր մասն արտադրել Հայաստանում, կարծում եմ, դա լավ ձեռքբերում կլինի", - ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ արդեն տիեզերք ուղարկված արբանյակից տեղեկատվություն ստանալու գործընթացը շարունակվում է, ստացված պատկերները տեղեկատվության աղբյուր են, դրանք կարելի է օգտագործել շատ բնագավառներում, կիրառման ոլորտներն անսահման են:

 

"Մենք պետք է արբանյակներին նայենք որպես տեղեկատվության աղբյուր եւ փորձենք առավելագույնս ընդլայնել կիրառման շրջանակը", - նշել է Խաչատրյանը, չբացառելով, որ երկու արբանյակները կարող են օգտակար լինել նաեւ ռազմական նպատակներով:

 

Հիշեցնենք, որ 2022թ. մայիսի 25-ին ԱՄՆ-ում արձակվել է առաջին հայկական Արմսատ-1 արբանյակը, որն իրականացված փորձարկումներից հետո ցույց է տվել դրական արդյունք: