Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր: Այդ մասին մայիսի 15 - ին Ալմաթիում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակից ներդրողների համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ի պատասխան ՀՀ-ում բանկի ենթակառուցվածքային նախագծերի մասին հարցին։
Մասնավորապես, նրա խոսքով, բանկի ուշադրության կենտրոնում է Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացման նախագիծը: "Հայաստանի վերաբերյալ նախագծեր կան, եւ մենք կպահպանենք հավաքված տեմպերը", - ընդգծել է ԵԱԶԲ ղեկավարը, հավելելով, որ դրանք այս եւ հաջորդ տարվա նախագծերն են: Այս առումով նա ընդգծել է, որ զարգացման ինստիտուտի համար դրանք մոտ ծրագրեր են։
Ճշգրտմանը, թե արդյոք բանկը ծրագրում է մասնակցել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախագծին, Պոդգուզովը նշել է, թե չի հիշում, որ ԵԱԶԲ-ն արտահայտված լինի այդ կապակցությամբ: Այդ առումով նա հիշեցրել է, որ ԵԱԶԲ-ը ՀՀ-ում էլեկտրական ցանցերի արդիականացման նախագծեր ունի, բայց ատոմակայանի մասով նման բան չկա։
Իր հերթին՝ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը նշել է, որ "Տաշիր" ընկերությունների խմբի հետ աշխատանքներ են տարվում Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացման նախագծի շուրջ, որի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ: "Հուսով եմ, որ հունիսի սկզբին մենք կհասնենք փաստաթղթի ստորագրմանը, եւ այդ ժամանակ հնարավոր կլինի ավելի մանրամասն խոսել", - ասել է բանկի ներկայացուցիչը, հավելելով, որ ԵԱԶԲ-ը նախատեսում է Հայաստանի էներգետիկ ոլորտում եւս երկու նախագիծ իրականացնել, այդ թվում՝ երկրի էլեկտրական ցանցերի արդիականացման ծրագրի իրականացումը եւ 11 արեւային էլեկտրակայանների կառուցման նախագիծը:
Միաժամանակ, նա հաղորդել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող նախագիծը դեռ հետաձգվում է, քանի որ կոմբինատի համար նախորդ տարին վատը չէր, եւ բանկը որոշել է առայժմ ձեռնպահ մնալ արտաքին ֆինանսավորումից:
Միաժամանակ, Իլյինը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, ԵԱԶԲ-ը ծրագրում է Հայաստանում այս տարի իրականացնել 100 մլն դոլարի երեք նախագիծ, չհստակեցնելով, թե ինչ նախագծերի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ԵԱԶԲ-ը Հայաստանի հետ երեք վարկային համաձայնագիր է ստորագրել, որոնց համաձայն, 25 մլն դոլար ուղղվել է "Երեմյան Ֆարմ" ՓԲԸ-ի ժամանակակից անասնաբուծական համալիրի ստեղծմանը, 37 մլն դոլար' 11 արևային էլեկտրակայանների կառուցմանը, և 30 մլն դոլար՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրմանը:
Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացման նախագծին, ապա, ինչպես ավելի վաղ հաղորդել էր կայանի գլխավոր ինժեներ Տիգրան Մարտիրոսյանը, նախատեսվում է ՋԷԿ-ում տեղադրել նոր գազային գեներատոր ՝ պահեստային թողնելով չորս հներըը: Նոր գազային տուրբինի գնման համար կպահանջվի մոտ 50 մլն եվրո, իսկ մոնտաժման համար՝ մոտ 10 մլն եվրո։