Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) բարելավել է 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4%-ից միննչեւ 5%, ակնկալելով, որ տեմպերը կպահպանվեն նաև 2024 թվականին (նախկինում հնչեցված 4,8% - ի դիմաց): Նման կանխատեսում է տրվել 2023-2024 թվականների համար՝ հաշվի առնելով նվազման լուրջ աշխարհաքաղաքական ռիսկերը։ Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի մայիսի 16-ին հրապարակված "Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ. Բարձր գնաճը նվազեցնում է տնային տնտեսությունների գնողունակությունը" զեկույցում:
Որպես համեմատություն հարկ է նշել, որ կանխատեսման այս բարելավմանը նախորդել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կանխատեսման մարտյան բարելավումը' նախկին 4,9%-ից մինչև նորացված 5,8%, և ԱՄՀ-ի կանխատեսման ապրիլյան բարելավումը' 4,5%-ից մինչև 5,5%:
ՎԶԵԲ-ի զեկույցում Հայաստանի վերաբերյալ նշվում է, որ 2022 թվականին տնտեսական ակտիվության աճը հասել է 14,2 տոկոսի (ՀՆԱ աճը կազմել է 12,6 տոկոս-խմբ.): Մասնավորապես, արդյունաբերական հատվածում արձանագրվել է 7,8%, իսկ ծառայությունների ոլորտում՝ 28,2% աճ, ընդ որում, երկնիշ աճով աչքի են ընկել նաև շինարարության ոլորտն ու առևտրի հատվածը (համապատասխանաբար՝ 12,5% և 17% - խմբ.): Ծառայությունների ոլորտը նման բարձր տեմպերի է հասել բացառապես ոչ ռեզիդենտների շրջանում պահանջարկի աճի հաշվին, հատկապես, տեղեկատվական, հաղորդակցական և զբոսաշրջային ծառայությունների առումով։ Ընդ որում, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2022 թվականին գրեթե կրկնապատկվել է ՝ Հայաստանում ապաստան գտած Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում ՝ բազմաթիվ հայկական ծագում ունեցող անձանց փոխանցումների գրեթե յոթապատիկ ավելացման հաշվին։ Արդյունքում՝ 2023 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը կազմել է տարեկան 12,2 տոկոս, սակայն, արդեն դանդաղման նշաններ են ի հայտ գալիս։ Տարեկան գնաճը 2023 թվականի մարտին նվազել է մինչև 5,4%՝ արտացոլելով դրամավարկային քաղաքականության խստացումը և փոխարժեքի բարձրացումը 2022 թվականին։