Երեքշաբթի, 16 Մայիսի 2023 22:43
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարար. Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը շուտով կգերազանցի 100 մլրդ դրամը

Էկոնոմիկայի նախարար. Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը շուտով կգերազանցի 100 մլրդ դրամը

Արմինֆո. Ս.թ. մայիսի 1-ի դրությամբ պետական աջակցությամբ իրականացվող տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը գերազանցել է 99 մլրդ դրամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Ծրագրի՝ 2023թ․ ապրիլի 30-ի դրությամբ տվյալները հետևյալն են․ընդհանուր լիզինգի և վարկերի պորտֆելը կազմում է 99,118,837,074.37 դրամ, տրամադրված վարկերի քանակը՝ 1695։ Ապրիլ ամսվա պորտֆելը կազմում է 13,935,933,050.11 դրամ, տրամադրված վարկերի քանակը՝ 203։

 

Այսպիսի ծավալն, անշուշտ, զգալի ազդեցություն ունի և կունենա ավելին՝ ի նպաստ տնտեսության ընդհանուր արտադրողականության աճի և մրցունակության ավելացման», - նշել է Քերոբյանը։

 

Ընդ որում, նախարարը նշել է, որ վարկերի առյուծի բաժինը պատկանում է  մշակող արդյունաբերությանը (56,7%), որին հետեւում են շինարարության հատվածը (27%), առողջապահությունը եւ բնակչության սոցիալական սպասարկումը (7,8%), շատ փոքր ծավալներ են ընդգրկում փոխադրումների եւ պահեստային տնտեսությունների ոլորտի (5,7%), հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտի վարկերը (1,4%),  տեղեկատվության եւ կապի ոլորտի  (0,8%),  մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության ոլորտի (0,2%), կրթության ոլորտի (0,1%)  վարկերը:

 

Հիշեցնենք, որ տնտեսության արդիականացման ծրագիրը գործարկվել էր 2022 թվականի սկզբին։ Ծրագրի առաջին բաղադրիչը ենթադրում է ընկերություններին ֆինանսական ծախսերի փոխհատուցում, լիզինգի զարգացում, հիմնական միջոցների, այդ թվում արտադրական գծերի արդիականացման համար վարկերի տոկոսների սուբսիդավորում: Ծրագրի շրջանակներում պետությունը վարկային համաձայնագրի դեպքում սուբսիդավորում է 7%-ը դրամով, 6% - ը ՝ արտարժույթով, լիզինգային համաձայնագրերի դեպքում սուբսիդավորումը դրամով կազմում է 10%, արտարժույթով՝ 8%: