Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023 16:56
Ալեքսանդր Ավանեսով

ԱՆԻՖ ներդրումային հիմնադրամը 3,9 մլն եվրո կներդնի շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման համար

ԱՆԻՖ ներդրումային հիմնադրամը 3,9 մլն եվրո կներդնի շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման համար

Արմինֆո. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ (Universal Closures CJSC) ընկերության հետ համատեղ ներդրումներ  կիրականացնեն շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման նպատակով։

Ոլորտում տարիների փորձ ունեցող  Յունիվերսալ Քլոզերս ընկերությունն արտադրում է կափարիչներ և մատակարարում  տեղական ու տարածաշրջանային այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Կոկա Կոլան, Բջնին, Բայկալը, Տասսայը (Ղազախստան)  եւ այլն։

 

ԱՆԻՖ-ի հաղորդագրության համաձայն, նախատեսվող ներդրումների շնորհիվ  ընկերությունը ձեռք կբերի լրացուցիչ նոր հաստոցներ և սարքավորումներ, որոնց շնորհիվ TALOG / MASC տեսակի կափարիչների  արտադրության և վաճառքի ընթացիկ ծավալները կաճեն մոտ 80%-ով:

 

Ծրագրի շրջանակներում ընկերությունը ձեռք կբերի նաև Crown Cap տեսակի կափարիչների արտադրության նոր հոսքագիծ: Այս տեսակի կափարիչները արտադրվում են սննդի բնագավառում օգտագործվող հատուկ պողպատի գլանվածքից և օգտագործվում են հիմնականում գարեջրի, ինչպես նաև ջրերի և ալկոհոլային խմիչքների համար: Ներկրվող բոլոր սարքավորումները և հոսքագծերը բացառապես արևմտաեվրոպական արտադրության են, իսկ արտադրությունում օգտագործվող հումքը ձեռք կբերվի միայն Եվրոպական առաջատար արտադրողներից:

 

Ծրագրով նախատեսված արտադրատեսակներն ունեն մեծ և կայուն պահանջարկ տեղական և միջազգային շուկաներում: Այս տեսակետից ծրագիրն ունի արտահանման խիստ որոշակի կողմնորոշում։ Նախատեսվում է արտահանել արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը:

Գործարանի արտադրության ընդլայնման համար «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը կներդնի 3,9 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

 

Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Ընկերության սարքավորումների առկա ընդհանուր արտադրական հզորությունը կազմում է տարեկան մինչև 180 մլն հատ կափարիչ:

 

Յունիվերսալ Քլոզերս ընկերությունը TALOG / MASC տեսակի կափակիչների միակ արտադրողն է Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է ԵԱՏՄ և ԱՊՀ շուկաների հիմնական  մատակարարներից մեկը: Ընկերության արտադրանքը վաճառվում է Վրաստանում, Միջին Ասիայում,  Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:

 

«Ֆոնդը ներդրումներ է իրականացնում ամենատարբեր ոլորտներում մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ մրցունակ բիզնես ծրագրեր ստեղծելու նպատակով։ Այս ծրագիրը մեծ ձեռքբերում է հայկական արտադրանքը միջազգային շուկային տեսանելի դարձնելու ուղղությամբ։ Մշտապես կարևորելով տեղական արտադրության աճի և արտահանման խթանումը` մեր այս ներդրումային ծրագիրը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը», - ընդգծել է «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը: