
Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 25-ի հերթական նիստում 999 մլն դրամ է հատկացրել 2021 (1 ծրագիր), 2022 (26 ծրագիր) և 2023 (1 ծրագիր) թվականներին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար:
Ինչպես պարզաբանել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում է սուբվենցիոն ծրագրերի իրականացում երկրի 8 մարզերի 18 համայնքներում: Միջոցները կուղղվեն ճանապարհների ասֆալտապատմանը, մանկապարտեզների և մշակույթի տների վերանորոգմանն ու կառուցմանը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցմանը և այլն:
Ընդհանուր առմամբ, ըստ Սանոսյանի, 2023 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի համար արդեն հատկացվել է 8 մլրդ 978 մլն դրամ։ Մինչդեռ, ողջ 2021 թվականի ընթացքում մարզպետարաններին ուղղվել է 4,7 մլրդ դրամ, իսկ 2022 թվականին՝ 5,9 մլրդ դրամ: Ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել շուրջ 87 մլրդ դրամի 259 ծրագիր, որից 46 մլրդ դրամը կառավարության համաֆինանսավորումն է։