Արմինֆո.Մայիսի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրել են, այսպես կոչված, III մեծ արձանագրությունը, որը ներառում է փոփոխություններ ԵԱՏՄ մասին պայմանագրում: Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։
ԵՏՀ-ում նշել են, որ III մեծ արձանագրությունը մշակվել է 2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում։ Դրա հիմնական նպատակը իրավակիրառ պրակտիկայի ընթացքում բացահայտված իրավական կարգավորման բացերի վերացումն է, Միության մասին պայմանագրում օգտագործվող տերմինաբանության հստակեցումը, միության մարմիններին մի շարք լիազորությունների օժտումը՝ տեխնիկական կարգավորման, ֆիտոսասանիտարական միջոցների, միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի, պետական գնումների մասով։
Այսպես, օրինակ, ԵԱՏՄ մասին պայմանագրում ներառված են մի շարք նորմեր, որոնք իրավական կարգավորում են սահմանում միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված, բայց բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմների նկատմամբ։ ԵԱՏՄ մասին պայմանագրի հավելվածում հստակեցվել է <վստահության անդրսահմանային տարածք> հասկացության սահմանումը. բացի լիազոր մարմինների միջև փոխգործակցությունից, այժմ հնարավոր է տնտեսվարող սուբյեկտների և լիազոր մարմինների միջև փոխգործակցություն էլեկտրոնային փաստաթղթերի, էլեկտրոնային տեսքով տեղեկատվության կազմման, ուղարկման, փոխանցման և ստացման գործընթացում: Ուժը կորցրած են ճանաչվում ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների եւ թույլտվությունների տրամադրման կանոնները (III մեծ արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո այդ կանոնները կսահմանվեն հանձնաժողովի կողմից)։ ԵԱՏՄ մասին պայմանագրի հավելվածը լրացվել է նաև էլեկտրոնային ձևաչափով պետական գնումների ժամանակ էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման մասին նորմով: Այժմ III մեծ արձանագրությունը կուղարկվի ԵԱՏՄ երկրներ ՝ վավերացման։