Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը սահմանել է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հիմնավորման՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանվել է, որ միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ ՀՀ կառավարության սահմանած դեպքերում՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել այն դեպքերը, երբ միասնական հաշվից գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին։
Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումների նպատակն էր կարգավորել թե՛ հարկ վճարողի միասնական հաշվից որ դեպքերում կարող է իր հարկային մարմնում նշված բանկային հաշվից տարբերվող հաշվին գումար է փոխանցվել: ՊԵԿ նախագահի խոսքով, մասնավորապես՝ ՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր: «Դա բերել էր խարդախությունների մի շարք դեպքերի, երբ որոշակի փաստաթղթերի կեղծման արդյունքում գումարը փոխանցվում էր իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին, և թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին: Հիմա փոփոխությունները կատարել ենք, թե որ դեպքերում հարկ վճարողն իրավունք ունի հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվի փոխանցել»,-ասել է Ռուստամ Բադասյանը:
Նա տեղեկացրել է, որ ընդունվող որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպքում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, ինչպես նաև կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի և նոտարի դեպում էլ իրենց կարգավիճակը կորցնելուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց հաշիվներին փոխանցելիս և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին: