Ուրբաթ, 2 Հունիսի 2023 19:05
Նաիրա Բադալյան

Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը

Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը

Արմինֆո. Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

 

«Միջոցառմանն առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրոպական միությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված աշխատանքի համար և կարևորել ոչ միայն միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմանների ապահովումը, այլև Մեղրիի արդիականացված անցակետում բովանդակային փոփոխությունների իրականացումը:

 

Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցումը և արդիականացումն իրականացվում է ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով: 2020թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի կողմից։

 

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ:

 

Արդյունք. Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով:

 

Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ:

 

Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն:

 

Անցակետը ներկայում աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով՝ օրական սպասարկելով 200-300 տրանսպորտային միջոց։ Արդեն արդիականացված անցակետում կտրուկ կմեծանա թողունակությունը՝ ապահովելով անհամեմատ ավելի արագ և բարձրորակ սպասարկում, մաքսային ձևակերպումների գործընթացը կիրականացվի առավել պարզեցված և արդյունավետ՝ բացառելով գործառույթների կրկնությունը», - գրել է ՊԵԿ նախագահը: