Արմինֆո. Եվրասիական տրանսպորտային տարածքի զարգացման, առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ձևավորման ու իրականացման, ինչպես նաև այդ նախագծերի ֆինանսավորման հատուկ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական կառույցների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։
Նրա ասելով, լոգիստիկան ևս մեկ ոլորտ է, որն էական ազդեցություն ունի վերջնական օգտագործողի համար գնագոյացման վրա և պահանջում է նաև թվային լուծումներ: «Նման լուծումներից է նավիգացիոն կնիքների օգտագործումը, ինչը ոչ միայն թույլ է տալիս օպտիմալացնել լոգիստիկան, ապահովել բացարձակ «թափանցիկություն» և «անխափան» փոխադրումներ, այլև հեշտացնում և արագացնում է ապրանքների առաքումը հասցեատիրոջը։ Չնայած արդեն ձեռնարկված քայլերին, մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այս առումով, ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև՝ լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերում փոխգործակցության կարևորությունը», - նշել է նա:
Ինչպես ընդգծել էՓաշինյանը, զուգահեռաբար, ԵԱՏՄ-ը շարունակում է ակտիվ գործել միջազգային ասպարեզում։ «Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրների՝ Իրան արտահանման համար արտոնյալ հասանելիություն նախատեսող համաձայնագրերի փաթեթ։ Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ։ Կարծում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ մենք կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն իր հերթին նույն տրամադրվածությունն է ցուցաբերում», - ամփոփել է նա։