Արմինֆո.Այսօր ԵԱՏՄ-ն առանցքային դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման, միասնական շուկայի հաստատման, առևտրի խթանման և բիզնեսի ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում, և հասել է զգալի արդյունքների, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր քաղաքացիների կյանքի վրա։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում:
Նրա ասելով, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունն ինտեգրման հիմնական սկզբունքներից մեկն է և մեծապես կանխորոշում է մեր ինտեգրացիոն միավորման ստեղծման և գործունեության իմաստը: «Օրենսդրական դաշտի հետևողական կատարելագործումն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերի, վարորդական վկայականների, էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչումը, հանդիսանում է չորս ազատությունների նպատակների գործնական իրականացման կարևոր գործոն:
Այս համատեքստում, կարևոր եմ համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչը թույլ կտա դրանց կրողներին աշխատանքային միգրացիայի շրջանակներում մասնագիտական գործունեություն ծավալել այն երկրում, որտեղ նա աշխատում է։
Դրական ենք գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ցանկանում եմ նշել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունն իր շուկա մուտք գործելու խոչընդոտներ չունի։
Մենք, անշուշտ, աջակցում և շատ պահանջված ենք համարում Միության ներքին շուկայի գործունեության ապահովմանն ուղղված միջնորդական ընթացակարգերի ներդրումն ու զարգացումը։ Հանձնաժողովի խնդիրը չպետք է սահմանափակվի Միության իրավունքի խախտումների պաշտոնական արձանագրմամբ։ Մեր վերազգային մարմինը պետք է ելնի Միության ներքին շուկայի լիարժեք և սահուն գործունեության ապահովման անհրաժեշտությունից՝ մեր վերջնական և կարևորագույն նպատակին՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցությանը հասնելու համար։
Ապագայում առևտրի համար նոր խոչընդոտների առաջացումը կանխելու տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգի անցնելու ուղղությամբ աշխատանքի շարունակությունը:
Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք կլիմայական ոլորտում պետությունների համակարգված գործողությունների մոտեցումը Փարիզի համաձայնագրի շրջանակներում՝ անդամ երկրների տնտեսությունների ապաածխածնացման պլանների լարվածությունը հավասարեցնելու համար։
Դեկլարատիվից փոխգործակցությունից ավելի գործնական ուղղության անցման համատեքստում կցանկանայի նշել Կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումների առաջին փաթեթի ձևավորումը։ Համաձայնեցված և իրատեսական ծրագրի առկայությունը և դրա ձևավորման ու իրականացման գործնական մոտեցումն իսկապես կարող են բազմապատկել ակնկալվող արդյունքները տեխնոլոգիական զարգացման առումով և ապահովել յուրաքանչյուր անդամ պետության կողմից գործադրվող ջանքերի համախմբումը:
Նշեմ, որ ցածրածխածնային զարգացման երկարաժամկետ նպատակներին կարելի է հասնել այն պարագայում, եթե ավելացվի վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, կանաչ տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքների զարգացումը, անկասկած, կնպաստի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը։
Ակնհայտ է, որ կլիմայական օրակարգն այսօր հիմնված է հարցերի այնպիսի շերտի վրա, ինչպիսիք են` տնտեսության տեխնոլոգիական վերափոխումը և նոր տեխնոլոգիական հարթակի անցումը։
Թվային տնտեսությունն այսօրվա օբյեկտիվ իրականությունն է։ Թվային տեխնոլոգիաները պետությունների համար ստեղծում են մրցակցային առավելությունների աղբյուրներ։
Անդամ երկրներում «Թվային օրակարգի» և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր գործընթացների ամբողջական իրականացումը հզոր խթան կհանդիսանա թվային տնտեսության զարգացման և մեր երկրների միջև տնտեսական գործընթացների արագ իրականացման համար», - ասել է վարչապետը։