
Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։
Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու իրենց պատրաստակամությունը։
Նշենք, որ Siemens AG-ն գերմանական կոնգլոմերատ է, որն աշխատում է էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, էներգետիկ սարքավորումների, տրանսպորտի, բժշկական սարքավորումների և լուսատեխնիկայի ոլորտներում, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի և կապի տարբեր մասնագիտացված ծառայությունների ոլորտներում: Կենտրոնակայանը գտնվում է Մյունխենում։