Երեքշաբթի, 13 Հունիսի 2023 17:43
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Իրանը քննարկում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու Իրանը քննարկում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

 

Ինչպես հաղորդում է ԲՏԱՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները:

 

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում իրականացրած դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-իրանական համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար և վերահաստատել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունն՝ աջակցելու հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

 

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է իրանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին և այդ առումով առանձնացրել է մարտի 10-12-ին Երևանում անցկացված «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսին իրանական ընկերությունների մասնակցությունը: Նախարարն ընդգծել է, որ շատ տպավորված էր իրանական ընկերությունների՝ հայկական շուկայի համար առաջարկված լուծումներով և հայկական ընկերությունների հետ համագործակցության պատրաստակամությամբ: Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունների միջև փոխգործակցության զարգացման հնարավորությունները բազմաթիվ են, իսկ նախարարության դերն այս գործընթացում ճիշտ հասցեատերերին միմյանց կապելն է:

 

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար երկու երկրներն առաջին հերթին պետք է բարձրացնեն միմյանց ներուժի և հնարավորությունների մասին ճանաչողության մակարդակը: Դեսպանն առանձնակի շեշտել է Հայաստանի և Իրանի պատմական խորը կապերը և նկատել, որ լուրջ նախադրյալներ կան տարբեր բնագավառներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման համար: