Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,8%-ից մինչեւ 6,9%: Այդ մասին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հաղորդել է հունիսի 13-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10.75 տոկոսից մինչեւ 10.5 տոկոս նվազեցման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում:
Նա պարզաբանել է, որ տնտեսության կանխատեսվող աճի բարելավումը պայմանավորված է ծառայությունների ոլորտի և շինարարության հատվածի աճի առաջանցիկ տեմպերով:
Միաժամանակ, խոսելով Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա Ռուսաստանի քաղաքացիների հնարավոր արտահոսքի ազդեցության մասին, Մարտին Գալստյանը նշել է, որ անցկացված հարցումների համաձայն, Հայաստանում ավելի երկար մնալ ցանկացող ռուսաստանցիների թիվը որոշակիորեն աճել է:
Միաժամանակ, ԿԲ ղեկավարը նշել է, որ ընթացիկ տարվա արդյունքներով գնաճը ցածր կլինի թիրախային մակարդակից (4%): "Հետևելով վերջին զարգացումներին՝ մենք տեսնում ենք մի երևույթ, որ ներմուծվող ապրանքների գները կտրուկ նվազում են, ավելի արագ, քան մենք սպասում էինք։ Բայց, միաժամանակ, կա չկարգավորվող ծառայությունների զգալի մաս, որոնց արժեքը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա", - ասել է Գալստյանը։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկն իր հունիսյան կանխատեսմամբ բարելավել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի սպասումները ՝ նախկին 4,1 տոկոսից մինչև 4,4 տոկոս, և ակնկալում է 2024-2025թթ.տեմպերի արագացում մինչև 4,8-5 տոկոս: ԱՄՀ-ն, փաստացի, այժմ (հունիսին) պահպանել է 2023 թվականի ապրիլյան նախորդ կանխատեսումը, երբ Հայաստանի ՀՆԱ աճի սպասումները բարելավվել են նախկին 4,5 տոկոսից մինչև նորացված 5,5 տոկոս, 2024 թվականին տեմպերի աննշան դանդաղեցմամբ մինչև 5 տոկոս: ՎԶԵԲ-ը մայիսին բարելավել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 4%-ից մինչեւ 5%, ակնկալելով, որ տեմպերը կպահպանվեն նաև 2024 թվականին։ Հայաստանի Կենտրոնական բանկը մայիսի կանխատեսման զեկույցում ավելի վաղ հաստատել էր ՀՆԱ աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 4,9%-ից մինչև 5,8% (2022թ. փաստացի 12,6% աճի դիմաց)։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2023թ. մայիսին Հայաստանի սպառողական շուկայում տարեկան պաշտոնական գնաճը նվազել է մինչև 1,3% (2022թ. մայիսի գնաճային տարեկան 9% - ից), իսկ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող բազային տարեկան գնաճը 2023թ. մայիսին նվազել է մինչև 3,1% (2022թ. մայիսի գնաճային տարեկան 8,4% - ից)։