Արմինֆո. 2023 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում սպասվածից ավելի բարձր տնտեսական ակտիվություն է դիտվում, պայմանավորված, հիմնականում, շինարարության և ծառայությունների ոլորտների բարձր աճով։ Աշխատանքի շուկայում դիտվող դրական գործընթացները և արտադրողականության բարձրացումը նույնպես որոշակի կերպով ուժեղացնում են տնտեսության հնարավոր աճը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հունիսի 13-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10,75 տոկոսից մինչեւ 10,5 տոկոս նվազեցման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանում գնաճի արագացված նվազման վրա. 2023թ. մայիսին պաշտոնական տարեկան գնաճը (վիճակագրական տվյալներով) նվազել է մինչև 1,3 տոկոս, ինչը դիտվել է նաև Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող տարեկան բազային գնաճի գծով, որը մայիսի վերջին նվազել է մինչև 3,1 տոկոս, մինչդեռ, 2022թ. մայիսին գնաճը եղել է բարձր մակարդակի վրա՝ 9 տոկոս (պաշտոնական) և 8,4 տոկոս (բազային)։
Միաժամանակ, նա նկատել է, որ աշխարհում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 2023 թվականի երկրորդ եռամսյակում պահպանվում են տնտեսական աճի դանդաղ տեմպերը, իսկ տարեկան գնաճը շարունակում է նվազել։ Սակայն, բոլոր գործընկեր երկրներում թանկարժեք ապրանքների և ծառայությունների գները շարունակում են մնալ բարձր մակարդակում՝ աշխատաշուկաների շարունակական գնաճային ճնշումների ֆոնին: Այդ պատճառով գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն զսպող դրամավարկային քաղաքականություն վարել։ Պահանջարկի շարունակական թուլացումը խիստ ֆինանսական պայմանների ֆոնին նպաստում է հումքային շուկաներում գների նվազմանը։ Արդյունքում՝ համաշխարհային տնտեսության գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա հետագայում ևս զգալիորեն թուլանում է։
Մյուս կողմից, կայուն բարձր արտաքին պահանջարկը և տնտեսությունում եկամուտների աճը դրականորեն են ազդում պահանջարկի ընդլայնման վրա: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության զգալի թուլացումը, վարվող զսպող դրամավարկային քաղաքականությունը և դրամի ամրապնդումը շարունակում են ավելի արագ տեմպերով մեղմել Հայաստանում գնաճային միջավայրը: Սակայն, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում որոշ ապրանքների և ծառայությունների գները ավելի դանդաղ են ենթարկվում սրբագրման:
Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել նվազեցնել հաշվառման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով: Պահանջարկի սրբագրումն ապահովելու և գնաճային սպասումները կայունացնելու նպատակով ԿԲ խորհուրդն այսուհետ ևս հետևողականորեն քայլեր է ձեռնարկելու: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարով տարեկան գնաճը մոտ ապագայում կպահպանվի թիրախային շեմից ցածր մակարդակում, բայց հետո միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կբարձրանա և կկայունանա թիրախային 4 տոկոսին մոտ: ԿԲ խորհրդի գնահատմամբ, նախատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը, հիմնականում, հավասարակշռված են, սակայն, ցանկացած ուղղվածության ռիսկերի դրսեւորման դեպքում ԿԲ-ը պատշաճ կերպով կարձագանքի՝ գների կայունության ապահովման նպատակով:
Նշենք, որ ԿԲ-ն առաջին անգամ որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 2021-2022 թվականներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկամյա կանոնավոր բարձրացումից հետո (տասներկու անգամ), նախ, մինչև պատմական առավելագույնը՝ 10,5%, իսկ հետո մինչև նոր ռեկորդային մակարդակ՝ 10,75%։ Մինչ այդ ԿԲ-ն իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2020 թվականին ՝ չորս անգամ (2020 թվականի մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր)՝ 5,5% - ից մինչև 4,25%, բայց արդեն նույն տարվա դեկտեմբերին դրան հաջորդել էր բարձրացում մինչև 5,25%, այնուհետև շարունակվել էր հաջորդ երկու տարիների ընթացքում։ Հիշեցնենք, որ նախորդ տարիներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի պատմական առավելագույնը գրանցվել էր 2015թվին՝ 10.5%, մասնավորապես, փետրվարի 10 - ին բարձրանալով 1 տ. կ. - ով ՝ 9.5%-ից մինչեւ 10.5%: