
Արմինֆո. Հունիսի 19-ին Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը, որի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
Նախարարության հաղորդագրության համաձայն, իր ելույթում Վահան Քերոբյանը կարևորել է Orion Summit 2023 խոշորագույն գագաթնաժողովի անցկացումը տարբեր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու և գլոբալ խնդիրները համատեղ քննարկելու տեսանկյունից։
Գագաթնաժողովը կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Orion Worldwide Innovations Armenia-ի համատեղ ջանքերով։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովի գլխավոր բանախոսներն են Bank of America-ի Գլոբալ կորպորատիվ ռազմավարության, ռազմավարական ներդրումների տնօրեն Ռենե Նալբանդյանը և Covenant VC ընկերության համահիմնադիր, ներդրումային ռազմավարության ղեկավար Կարլ Դուգլասը:
«Կառավարության և առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին՝ էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբ, կամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերությունների, վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը: