Արմինֆո.Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն են քննարկվել ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։
«Երկկողմ տնտեսական կապերն ունեն լավ ավանդույթներ, վերջին տարիներին արձանագրվել են փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի աճ»,-նշել է ՀԱԳՄ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում առրևտրատնտեսական փոխգործակցության խորացման համար, առկա է դեռևս չիրացված մեծ ներուժ ամենատարբեր՝ էներգետիկ, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, դեղագործական, ոսկերչության, շատ այլ ոլորտներում։ Ներսես Կարամանուկյանը դեսպանին ներկայացրել է ՀԱԳՄ գործունեությունը, իրականացվող ծրագրերը։
Ինչպես հաղորդում է ՀԱԳՄ մամուլի ծառայությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամետելդի Այազովը նշեց, որ տնտեսական համագործակցությունը Հայատան-Թուրքմենստան հարաբերությունների կարևորագույն ուղղություններից է։ ՀՀ-ում 4,5 տարվա իր դիվանագիտական գործունեության ընթացքում հաջողվել է իրագործել երկկողմ հիշարժան նախաձեռնություններ, սակայն կան դեռ բազմաթիվ չիրականացված հնարավորություններ։ Նրա խոսքով՝ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը կարող են նպաստել նաև այն լոգիստիկ ծրագրերի իրականացումը, որոնք ներկայում քննարկման փուլում են։ Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորեց երկու երկրների Արդյունաբերողների և գործարարների միությունների սերտ համագործակցությունը՝ որպես տնտեսական կապերի աշխուժացման կարևոր գործոն։
Մուհամետելդի Այազովը փոխանցեց Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ատդաևի նամակը, որով նա ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին հրավիրում է մասնակցելու նորակառույց Արկադաղ քաղաքի՝ հունիսի 29-ին կայանալիք պաշտոնական բացմանը և այդ առիթով կազմակերպվելիք միջոցառումներին:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել է 13,7% - ով՝ մինչև 6,9 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումն աճել է 36,2% - ով՝ մինչև 5,7 մլն դոլար, ներմուծման 36,2%-ով, մինչռւ 1,2 մլն դոլար նվազման դեպքում: