Արմինֆո.Մինչև տարեվերջ մենք մեր ստարտափների համար 50 մլն դոլարի 4 գործարք կփակենք։ Այդ մասին հունիսի 19-22-ը Նյու Յորքում կայացած Orion Summit 2023-ի հհհարթակներում հաղորդել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը։
Նա հիշեցրել է, որ վերջին 3 տարվա ընթացքում աքսելերացիոն ծրագրերի եւ նորարարությունների միջոցով Orion-ին հաջողվել է 52 մլն դոլար ներգրավել հայկական ստարտափների համար։
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովին նախորդած 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցներն այցելել են մի շարք առաջատար կրթական, ֆինանսական հաստատություններ, վենչուրային ընկերություններ, հանդիպումներ ունեցել ներդրողների հետ, քննարկումներ անցկացրել Bank of America-ում, Jacobs Technion-Cornell Institute-ում Cornell Tech-ում, Brooklyn Navy Yard-ում և Fortune 100-ի այլ ընկերություններում (ամերիկյան 100 լավագույն ընկերությունների ցանկ):
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ են ունեցել և քննարկումներին մասնակցել են շուրջ 40 բանախոսներ այնպիսի առաջատար ընկերություններից, ինչպիսիք են Goldman Sachs-ը, BDO Global-ը և BDO Armenia-ն, New York Life Insurance-ը, Francisco Partners-ը, Block-ը և այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Նյու Յորքում ընթացող Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը կարևոր իրադարձություն է, որը համախմբել է ներդրողներին և գործարարներին, ովքեր կարող են քննարկել Հայաստանում ներդրումների խթանման հնարավորություններն ու գաղափարները:
<Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ներդրումների ներգրավումն է։ Մենք պետք է փոխենք տնտեսական աճի մեր մոդելի կառուցվածքը՝ անցում կատարելով սպառման վրա հիմնված աճից դեպի ներդրումների վրա հիմնված աճ>, - ընդգծել Է նախարարը։
Նյու Յորքի տնտեսական զարգացման կորպորացիայի (New York City Economic Development Corporation) միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական աճի գծով տնօրեն Փարքեր Շեդիի խոսքերով, ամերիկացիների եւ հայերի միջեւ շատ ընդհանրություններ կան, հատկապես, աճի տեսլականի, արժեքների եւ բիզնես վարելու համատեքստում: "Այդ պատճառով ես շատ ոգեւորված եմ Հայաստանի գործարար համայնքի հետ աշխատանքի կապակցությամբ եւ կարծում եմ, որ մենք համագործակցության եւ ապագա ներդրումների մեծ ներուժ ունենք",-ընդգծել է նա:
Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցում էին 100-ից ավելի ստարտափներ, շուրջ 40-ը՝ Հայաստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից: