Արմինֆո. Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 30-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում կազմակերպում է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված իր տարեկան համաժողովը:
Այս տարի Համաժողովն անցկացվելու է «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» կարգախոսի ներքո: Կարգախոսի ընտրությունը պատահական չէ, քանի որ կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և հայաստանյան իրականության զարգացումները քննարկելու նպատակով Համաժողովն այս տարի հյուրընկալելու է բանախոսներ ԱՄՆ-ից և Եվրոպայից, ինչպես նաև մասնակիցներ Վրաստանից, Իրանից, Կենտրոնական Ասիայից:
Համաժողովը նպատակ է հետապնդում դառնալ բաց ու կառուցողական քննարկումների հարթակ գործարար աշխարհի, քաղաքականություն մշակողների, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, միջազգային փորձագիտական համայնքի միջև` կայուն կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները ընկալելու, միմյանցից դասեր քաղելու և Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացման հիմնական ուղղությունները նախանշելու համար:
Համաժողովում ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատասխանատուները, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP), Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE), Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ներկայացուցիչները:
Համաժողովի առաջին նստաշրջանը վերնագրվել է «Կայուն կորպորատիվ կառավարում և ընկերությունների նպատակը»: Այս նստաշրջանի բանախոսներն են լինելու միջազգային փորձագետներ Արադհանա Քհովալան Մեծ Բրիտանիայից, Եկատերինա Լիսովան ԱՄՆ-ից, Ինգրիդ դե Փորթերը Բելգիայից, Շառլոթ Գուստավսսոնը Շվեդիայից, Քրիստեն Անդերսոնը Իտալիայից: Նստաշրջանը վարելու է «Բի Դի Օ Արմենիա» ընկերության գործընկեր և խորհրդատվական թիմի ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը: Նստաշրջանում խնդիր է դրվել բացահայտել կորպորատիվ կենսակայունության, բազմազանության, հավասարության և ներառականության, կիբերանվտանգության, արհեստական բանականության, բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության, կորպորատիվ հաշվետվողականության միջազգային ժամանակակից միտումները, դրանց արտացոլումը տնօրենների խորհրդի օրակարգում, ինչպես նաև խորհրդի անդամների, հատկապես նախագահի դերի վերափոխման հետ կապված զարգացումները:
Համաժողովի երկրորդ նստաշրջանը նվիրվելու է Հայաստանի կորպորատիվ իրականության նշանակալի զարգացումներին: Այս նստաշրջանում որպես բանախոսներ հրավիրված են «Կոնցեռն դիալոգ» ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման բաժնի ղեկավար Լուսինե Մարգարյանը, ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Հասմիկ Տիգրանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը: Նստաշրջանը վարելու է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը: Երկրորդ նստաշրջանում քննարկվելու են այնպիսի հրատապ թեմաներ, ինչպիսիք են իրաբանական անձանց քրեական պատասխանատվությունը, կոռուպցիայի դեմ պայքարում գործարար հատվածի դերը, իրական շահառուների հայտարարագրումը և կորպորատիվ թափանցիկությունը, կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները և հնարավոր զարգացումները Հայաստանի ցուցակված և պետական մասնակցությամբ ընկերություններում:
Համաժողովը եզրափակվելու է ինտերակտիվ աշխատաժողովով, որում Համաժողովի մասնակիցների ներգրավվածությամբ բացահայտվելու են խորհրդի և գործադիր թիմի առանցքային դերերը, ինչպես նաև փոխհարաբերությունները կայուն զարգացման ժամանակահատվածում: Աշխատաժողովն անցկացնելու է Eric Salmon & Partners միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցը (Գերմանիա):
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը կարևորելով Համաժողովի դերակատարումը Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացման հարցում` նշեց, որ կայուն կորպորատիվ կառավարումը հնարավորություն է տալիս ընկերություններին գործելու տնտեսական, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության ավելի լայն համատեքստում, կենտրոնանալու ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ արժեքի ստեղծման վրա, արդյունավետ կառավարելու կենսակայունությամբ պայմանավորված ռիսկերն ու խուսափելու կորպորատիվ ձախողումներից, ըմբռնելու, որ ընկերությունների երկարաժամկետ կենսունակությունը օգուտներ է ապահովում ինչպես բաժնետերերի, այնպես էլ շահակիցների համար և կարևոր նախապայման վստահելի ու բարենպաստ գործարար միջավայրի ձևավորելու տեսանկյունից:
Համաժողովն այս տարի հրավիրվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի գործընկերներ CLDP-ի և CIPE-ի աջակցությամբ: