Արմինֆո. ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-ից 13-ը տեղի կունենա միջազգային «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։
Նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։
ԻՆՆՈՊՐՈՄ -2023 ցուցահանդեսի գործնական ծրագիրը, որն այս տարի կընթանա "Կայուն արտադրություն. արդիականացման ռազմավարություններ" թեմայով, հագեցած է և ռազմավարական նստաշրջանից բացի ներառում է մի շարք տարբեր միջոցառումներ ՝ բաժանված թեմատիկ ուղիների ՝ նոր շարժունակություն, միջազգային համագործակցություն, թվային արտադրություն, նոր արդյունաբերական տեխնոլոգիաներ, արդյունաբերական ՏՏ, արդյունաբերության ֆինանսավորում, արդյունաբերության համար կրթական լուծումներ և այլն:
Նշենք, որ ԻՆՆՈՊՐՈՄ-ը միջազգային արդյունաբերական ցուցահանդես է Ռուսաստանում, որն ամեն տարի անցկացվում է Եկատերինբուրգում՝ 2010 թվականից ի վեր "Եկատերինբուրգ - Էքսպո" ցուցահանդեսային համալիրի հիման վրա: 2012 թվին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ԻՆՆՈՊՐՈՄ ցուցահանդեսին շնորհեց դաշնային կարգավիճակ: Ցուցահանդեսին մասնակցում են ռուսական և արտասահմանյան ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց նորարարական մշակումներն ու նախագծերը: Համաժողովն անցկացվում է լիագումար նիստերի, կլոր սեղանների, գործնական հանդիպումների և բանակցությունների, քննարկումների, շնորհանդեսային նստաշրջանների, վարպետության դասերի տեսքով, որոնց մասնակցում են գործարարներ, փորձագետներ, գիտնականներ և քաղաքական գործիչներ Ռուսաստանից և արտերկրից: Սպասվում է Ռուսաստանի մարզերի շուրջ 60 ներկայացուցիչների, արդյունաբերական ձեռնարկությունների և դիլերային ընկերությունների ավելի քան 40 հազար ներկայացուցիչների մասնակցություն: