Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորության հարցին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել նաև մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների և Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսին ՀՀ կառավարության ղեկավարը որոշում էր ստորագրել միջուկային նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ավելի վաղ Հայաստանում քննարկվում էր 50-60 ՄՎտ հզորությամբ մի քանի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Ընդ որում, դիտարկվում էր, նույնիսկ, մի քանի մարզերում դրանց կառուցման հնարավորությունը։ Սակայն այս ուղղությամբ ամենագլխավոր խնդիրներից մեկը հայ ատոմագործների շրջանում այդ ռեակտորների կառավարման հմտությունների բացակայությունն է։ Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը ԱրմԻնֆո-ին հաղորդել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին ՝ օգտագործելով ռուսական 1200 Մվտ հզորությամբ ՏՈԻ ռեակտոր: Սակայն, ինչպես հետագայում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: "Մինչև 2023 թվականի սեպտեմբերը մենք պետք է որոշում կայացնենք ռեակտորի տեսակի մասին", - ընդգծել է նախարարը։
Ս.թ. մայիսի վերջին ամերիկյան կառավարության Եվրոպային և Եվրասիային օժանդակության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հաղորդել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային Միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը ՝ ձգտելով ամրապնդել նրանց էներգետիկ անկախությունը: Նրա խոսքով, մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում, ԱՄՆ-ը գնահատում է փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ստեղծման հնարավորությունը, որոնք կառուցվում են ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ եւ կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության թե Ռուսաստանից, թե ՉԺՀ-ից: Նախագծի այլ մանրամասներ Լոնգին չի ներկայացրել։