Արմինֆո. Անցած տարի Հարավկովկասյան երկաթուղին փոխադրել է կես միլիոն ուղևոր, որից 58 հազարը միջազգային հաղորդակցությունում, իսկ 450 հազարը ՝ Հայաստանի սահմաններում: Այդ մասին հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Նշելով, որ դրական միտումը շարունակվում է, Մելնիկովը հաղորդել է, որ արդեն այս տարի հաջողվել է գերազանցել միջազգային հաղորդակցության նախորդ տարվա ցուցանիշները: <Ամառային փոխադրումները սկսվեցին, իմ կարծիքով, բավականին լավ: Այսօր, օրինակ, միջազգային գնացքը Հայաստանից Վրաստան է տեղափոխել ավելի քան 200 ուղեւորի, ինչը շատ հրաշալի է", - ընդգծել է ՀԿԵ ղեկավարը։
Այդ կապակցությամբ նա պատմել է, որ ընթացիկ տարում վրացի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու օրը մեկ Հայաստանից Վրաստան երկաթուղային հաղորդակցություն կազմակերպելու մասին: Անցյալ տարի դրանք իրականացվել են շաբաթական երկու անգամ հաճախականությամբ։
Խոսելով ներքին շուկայում նորամուծությունների մասին՝ ՀԿԵ ղեկավարը հիշեցրել է, որ այսուհետ բոլոր ցանկացողները կարող են Շորժայի, Սևանի ուղղություն մեկնել անմիջապես Երևանի երկաթուղային կայարանից, մինչդեռ, նախկինում այդ երթուղին հնարավոր էր միայն Ալմաստ կանգառային կետից: Ալեքսեյ Մելնիկովի ասելով, նման որոշում է կայացվել ՝ ելնելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի հարցումներից։
"Հուսով ենք, որ ուղեւորները դրական կգնահատեն մեր փոփոխությունները, եւ մենք հետագայում կշարունակենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մեր ուղեւորները հարմարավետ զգան", - ընդգծել է նա:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀԿԵ-ն, ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ուղևորների թվի աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս կամ 193.5 հազար ուղևոր: