Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 12:31
Նաիրա Բադալյան

ԵՄ-ը 6,5 մլն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղերում կայուն էներգետիկ լուծումների հասանելիության ընդլայնման համար

ԵՄ-ը 6,5 մլն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղերում կայուն էներգետիկ լուծումների հասանելիության ընդլայնման համար

Արմինֆո. Հունիսի 29-ին կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է 6.5 մլն եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհի տրամադրում: Ֆինանսավորման համաձայնագրի ընդհանուր նպատակներն ուղղված են էներգետիկայի բնագավառում Հայաստանում էներգետիկ աղքատության մեղմացմանը, էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը, բնապահպանական տեսանկյունից կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ու բնական ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանությանը: Այդ նպատակներին հասնելու համար նախատեսվում է գյուղական վայրերում բարելավել հասանելիությունը էներգաարդյունավետ և կայուն էներգիայի լուծումներին: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի չորս շրջաններում՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում և համայնքային շենքերում, որտեղ կայուն էներգիայի նկատմամբ ընդհանուր մատչելիությունը բարդ է, կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ: Միաժամանակ կիրականացվեն իրազեկվածության բարձրացման միջոցառումներ էներգաարդյունավետ սարքավորումների և վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգախնայող միջոցառումների վերաբերյալ: