Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 12:57
Նաիրա Բադալյան

Կառավարությունը երկարաձգել է մի շարք գյուղատնտեսական ապրանքների և ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը

Կառավարությունը երկարաձգել է մի շարք գյուղատնտեսական ապրանքների և ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:

Ըստ այդմ` առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը,   ընդունվել է նաեւ «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ, արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։