Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 17:25
Նաիրա Բադալյան

Բնակարանների ռենովացիայի համար վարկերի սուբսիդավորման ծրագիրը կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը

Բնակարանների ռենովացիայի համար վարկերի սուբսիդավորման ծրագիրը կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագրում:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, արդյունքում՝ մեկ տարով՝ մինչև 2024թ. հուլիսի 1-ը, կերկարաձգվի ծրագրի գործողության ժամկետը, ինչպես նաև նախատեսվում է ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցում որդեգրած նոր մոտեցում: Ըստ հիմնավորման՝ 2022 թ. հունիսի 1-ից մեկնարկած ծրագրով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ Փաստացի վարկավորման գործընթացը մեկնարկել է 2022թ. օգոստոս/սեպտեմբեր ամիսներին։ Չնայած դրան, 2023թ. մայիս ամսվա ամփոփված տվյալներով շահառուների թիվ շուրջ 3000 է, որն արդեն իսկ գերազանցում է ամբողջ ծրագրի համար նախատեսված շահառուների թիվը, ինչն էլ իր հերթին խոսում է ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդեն ընդհանուր առմամբ 6,5 միլիարդ դրամ վարկային միջոցներ են տրամադրվել, նախարարության հետ համագործակցում են 13 բանկեր և 13 վարկային կազմակերպություններ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա նպատակներից է եղել շինարարության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելը. «Սրանով էներգախնայողության հարց է լուծվում, որ մեր հայրենակիցները այս ծախսերի արդյունքում ավելի քիչ կոմունալ վճարներ վճարեն և երկարաժամկետում այս վարկը իրենց համար դառնա կապիտալ ներդրում: Մենք ուզում էինք նաև զբոսաշրջության աճի ֆոնին այս ծրագիրը դառնա օգտակար, որպեսզի մարդիկ, հատկապես գյուղական բնակավայրերում կառուցած իրենց հսկայական տները, որոնց 10-20 կամ 30-50 տոկոսն է օգտագործվում, հարմարեցնեն այդ բնակարանի ռեալ չօգտագործվող հատվածներում հյուրատներ կառուցելու համար»: