Արմինֆո. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 30-ին որոշում է կայացրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 20 մլն դրամով (մոտ 51 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):
ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է 2022 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետները։ Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը` հանձնաժողովը 2023 թվականի մայիսի 5-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` 2022 վերոնշյալ պահանջների հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։ Իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, դիմող անձինք ու սպառողները սահմանված կարգով չեն ծանուցվել միացման ժամկետների ուշացման պատճառների մասին ու նրանց չեն վճարվել կանոններով նախատեսված տույժերը, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։ Ուստի, կանոններով սահմանված պահանջների խախտման համար հանձնաժողովն ընդունեց որոշում՝ ընկերությանը տուգանել 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով։
"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ստեղծվել է 2002թ. մայիսին՝ էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների' "Երևանի էլեկտրական ցանցերի", "Հյուսիսային էլեկտրական ցանցերի", "Հարավային էլեկտրական ցանցերի" և "Կենտրոնական էլեկտրական ցանցերի" միաձուլման արդյունքում: Ընկերության հիմնական գործունեությունը էլեկտրաէներգիայի կարգավորվող բաշխումն ու իրացումն է: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կմ: Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի: