Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 26 մլն դոլար կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ի բազայի վրա նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորմանը: Համապատասխան վարկային պայմանագիր է կնքվել H Energy Solutions ընկերության (<Տաշիր> ընկերությունների խումբ) հետ:
Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ, ինչը թույլ կտա արտադրել տարեկան շուրջ 400 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Շինարարության շրջանակներում կօգտագործվեն միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխան բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչը ներդրում կլինի շրջակա միջավայրի պահպանության գործում:
Նախագծի շրջանակում արտադրվող էլեկտրաէներգիան կմատակարարվի ինչպես Հայաստանի էլեկտրաէներգիայի ազատ մրցակցային շուկա, այնպես էլ՝ արտահանմանը: Նախագծի իրականացումը թույլ կտա ուժեղացնել գեներացիայի դիվերսիֆիկացիան Հայաստանում և բարձրացնել դրա արդյունավետությունը։ Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի կեսերին։
Սա էներգետիկ անվտանգության բարձրացման ոլորտում ԵԱԶԲ-ի կողմից Հայաստանում "Տաշիր" ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացվող երկրորդ նախագիծն է: 2022 թվականի օգոստոսին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրապետությունում կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից ենթակառուցվածքների արդիականացման և հաշվառքի սարքերի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ: Այդ նպատակների համար ԵԱԶԲ-ն վարկային պայմանագրի շրջանակում 30 մլն դոլար է ուղղում ծրագրի շրջանակներում, այդ թվում՝ Երևանում էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման սարքերի արտադրության ընդլայնում է իրականացվում։
2022-2026 թվականների ռազմավարության իրականացման շրջանակում ԵԱԶԲ-ը հատուկ ուշադրություն է դարձնում փոքր տնտեսություններ ունեցող երկրներին։ 2009 թվականից ի վեր բանկին Հայաստանի անդամակցության ընթացքում այստեղ իրականացվել է շուրջ 508 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 24 նախագիծ, որոնցից 6-ը, 126 մլն դոլարի, 2022 և 2023 թվականներին՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսական հատվածը։ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 17 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով: