
Արմինֆո. Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ Հայաստանում կստեղծվի Տեքստիլ արդյունաբերության զարգացման հիմնադրամ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը՝ Երեւանում Նորաձեւության շաբաթի (Yerevan Dashion Week) բացման ժամանակ։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ նախօրեին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել ՄԹ կառավարության եւ Էկոնոմիկայի նախարարության փորձագիտական խմբի միջեւ, որն աշխատել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ռազմավարության մշակման ուղղությամբ: Այս կապակցությամբ Գեւորգյանը խոստացել է, որ Հայաստանում ստեղծարար միտքը պատշաճ կերպով կգնահատվի, կպաշտպանվի եւ կդառնա շահութաբեր գործունեության ոլորտ:
Փոխնախարարը հիշեցրել է, որ ավելի քան մեկ տարի առաջ կառավարությունը որդեգրել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ: "Ռազմավարության հիմքում ավելացված արժեքի աճի հասնելն է եւ արտադրողականության բարձրացումը", - ասել է Գեւորգյանը: Նա այս համատեքստում ընդգծել է, որ պետությունը հետագա տարիներին արդյունաբերության զարգացմանը կուղղի ավելի քան 30 մլն դոլար:
Հիշեցնենք, որ զարգացման ռազմավարությունն ընդունվել է 2023 թվականի սկզբին ։ Փաստաթուղթը պարունակում է 3 առանցքային ուղղություն 2023-2026թթ. համար. մարդկային կապիտալի և կարողությունների զարգացում, արտադրական կարողությունների բարձրացում և արտահանման խթանում ։ Ակնկալվում է, որ ռազմավարության իրականացման արդյունքում արտադրության ծավալները կաճեն 1.8 անգամ, իսկ արտահանման ծավալները կհասնեն 500 մլն դոլարի: