Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023 18:26
Նաիրա Բադալյան

Տնտեսագետը հերքում է վարչապետի հայտարարությունը

Տնտեսագետը հերքում է վարչապետի հայտարարությունը

Արմինֆո. Հայաստանի կառավարության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ղեկավարները հպարտությամբ հայտարարում են, որ հուլիսյան բարձրացումից հետո նվազագույն կենսաթոշակը՝ 36 հազար դրամ, կկազմի նվազագույն պարենային զամբյուղի 99,5 տոկոսը, բայց դա ամենևին էլ այդպես չէ ։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրել է "Տնտեսական իրավունքների կենտրոն" հասարակական կազմակերպության նախագահ, հանրային ֆինանսների կառավարման միջազգային ֆինանսական փորձագետ Մովսես Արիստակեսյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նվազագույն կենսաթոշակը 31,6 հազար դրամից 36 հազար դրամի բարձրացմանը, հայտարարել էր, որ առաջին անգամ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը մոտեցել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին: Ընդ որում, վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2023 թվականի հունվար-մարտի դրությամբ նվազագույն պարենային զամբյուղը ամսական կտրվածքով կազմել է 43 627.2 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը ՝ 80 710.3 դրամ։

 

«Այս կապակցությամբ որքան էլ պետական վիճակագրության մարմինները ճգնում են վարչապետի քարոզչության համար ապացուցողական բազա ստեղծել՝ չի ստացվում: Այսպես, ըստ ՎԿ պաշտոնական տվյալների 2022 թ. 2-րդ եռամսյակում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 44431,3 դրամ էր: Սպառողական գների, այդ թվում հատկապես պարենային ապրանքների, գների նկատելի շարունակական աճի պայմաններում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը արհեստականորեն նվազեցվեց և 2022 թ 3-րդ եռամսյակում հաշվարկվեց 41329,3 դրամ, իսկ 2023 թ 1-ին եռամսյակում՝ արդեն 40299,5 դրամ:

Այս պարագայում անգամ 2023 թ հուլիսի 1-ից սահմանված 36000 դրամ նվազագույն կենսաթոշակը ոչ մի կերպ չի կազմում նվազագույն պարենային զամբյուղի 99,5 տոկոսը, ինչպես հպարտորեն հայտարարում են ՀՀ ԱՍՀ նախարարը և վարչապետը: Եթե դա իրոք այդպես է, ապա թող հանրրային աշխատողների բազային աշխատավարձը նվազեցնեն և սահմանեն այդ չափով:

 

Եւ վերջապես, նվազագույն կենսաթոշակի չափի ավելացումը ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ վճարվող կենսաթոշակի միջին չափի վրա՝ սպառողական գների աճին համապատասխանելու առումով: Այսպես, 2018-2022 թթ ընթացքում սպառողական գներն ըստ պաշտոնական վիճակագրության աճել են 22,5 տոկոսով, իսկ վճարվող միջին կենսաթոշակը աճել է սոսկ 14,8 տոկոսով և 2018 թ 40478 դրամ դիմաց 2022 թ կազմել է սոսկ 46629 դրամ, ինչը հազիվ է ծածկում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը՝ 44431 դրամ:

Այս պարագայում անարդյունավետ է նաև հուլիսի 1-ից հիմնական կենսաթոշակի 3000 դրամով ավելացումը, քանի դեռ չի բարձրացվում աշխատանքային ստաժի արժեքը, ինչը ահա արդեն 15 տարուց ավելի մնում է նույն մակարդակի վրա՝ 500 դրամ, երբ այդ ժամանակաշրջանում ՍԳԻ-ն աճել է ավելի քան 1,5 անգամ», - գրել է տնտեսագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: