Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023 16:00
Ալինա Հովհաննիսյան

"Այգ-1" արևային կայանի ՇՄԱԳ-ն արժանացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հավանությանը

"Այգ-1" արևային կայանի ՇՄԱԳ-ն արժանացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հավանությանը

Արմինֆո. Հուլիսի 3-7-ը Հայաստան են այցելել «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի  ֆինանսավորմամբ հետաքրքրված ֆինանսական կառույցների, այդ թվում` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), գերմանական DEG, ֆրանսիական PROPARCO զարգացման գործակալությունների, ինչպես նաև Մասդար ընկերության ներկայացուցիչները:

Ինչպես ասվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի հաղորդագրությունում, շաբաթվա ընթացքում նրանք այցելել են Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնք, որի հողատարածքում  կառուցվելու է ԱՆԻՖ-ի և Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ 200 ՄգՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային կայանը: 

 

Ֆինանսական կառույցների ներկայացուցիչները հանդիպել են համայնքների ներկայացուցիչների հետ,  ծանոթացել մինչ օրս  կատարված սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքներին,  Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) արդյունքներին։ «Այգ-1»-ի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ ՀՀ Շրջակա  միջավայրի նախարարությունը վերջերս տվել է դրական եզրակացություն։

Ֆինանսական կառույցների ներկայացուցիչները Երևանում հանդիպումներ են ունեցել նաև համապատասխան պետական կառույցների, այդ թվում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ։

«Այգ-1»-ը լինելու է Հայաստանի  ֆոտովոլտային խոշորագույն էլեկտրակայանը, որի կառուցման համար ներդրվելու է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտադրվող էլէներգիայի սակագինը կկազմի 0,0290 ԱՄՆ դոլար՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Մասդար ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին: Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին: