
Արմինֆո. Օգոստոսի 3-ից 5-ը Տաշքենդում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հայ-ուզբեկական գործարար համաժողով։
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հրավիրվում են մասնակցելու ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, դեղագործության, բժշկական, վիրահատական և ատամնաբուժական գործիքների և սարքերի արտադրության, պարենային և գյուղատնտեսական մթերքի վերամշակման, էլեկտրատեխնիկական սարքավորումների, արևային վահանակների, շինարարական նյութերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Նախատեսվում են նաև երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-մայիսին աճել է 42,9 տոկոսով՝ ապահովելով 13,4 մլն դոլարի ծավալ։ Ընդ որում, արտահանումը գրանցել է 3,6 անգամ աճ, մինչև 5,3 մլն դոլար, իսկ ներմուծումը ՝ 2,5 տոկոս աճ, մինչև 8,1 մլն դոլար։