Արմինֆո.Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում։
Ֆոնդը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, որի ակտիվները կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար. այստեղ Ամունդի-Ակբայի ներդրումը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ֆոնդի ակտիվների 10%-ը։
Ֆոնդի ներդրումներից մեկը կատարվել է Վոլնաթ Ֆարմսում։ Ամբեր Կապիտալ Արմենիան Վոլնաթ Ֆարմսում ներդրել է 3 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 300 000 ԱՄՆ դոլարը կազմում է Ամունդի-Ակբայի մասնաբաժինը։
Վոլնաթ Ֆարմս ընկերությունն արդեն 6 տարի զբաղվում է ընկույզի մշակմամբ, իսկ Արմավիրի մարզում՝ 100 հեկտար հողատարածքում, ստեղծվում է ապագա հայկական նոր բրենդը՝ ընկույզը։
Ընկերության հիմնադիր տնօրենը լիբանանահայ Սամուել Սամուելյանն է. նա նշել է, որ սա ներդրում է ուղղված ապագային, քանի որ այս գործում արդյունքը տեսանելի կլինի տարիներ հետո, իսկ գործը երկարաժամկետ է ու հեռանկարային, որը նպաստելու է ընկույզի ու ընդեղենի՝ հայկական ինդուստրիա ձևավորվելուն ։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը նշել է. «Վոլնաթ Ֆարմսում մենք կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից անուղղակի ներդրում ենք կատարել Ամբեր Կապիտալի միջոցով։ Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության համար առաջնահերթություն է։ Վոլնաթ Ֆարմսի գործունեությունը նորություն է, որն առաջիկայում երկրում կձևավորի նոր ինդուստրիա, իսկ զարգացման տեսլականում արտադրանքը կներկայացվի արտասահմանում։ Աշխատատեղեր ստեղծելուց, տեղական շուկան ու տնտեսությունը զարգացնելուց բացի, Վոլնաթ Ֆարմսը բիզնես գործընթացներում նորագույն տեխնոլոգիաների ներմուծմամբ երկրում ստեղծում է էկոհամակարգ, որը նպաստում է Հայաստանի՝ համաշխարհային տենտեսության մաս կազմելուն»։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն ընդգծել է․ «Այս ներդրմամբ ընկերությունը հնարավորություն կունենա էականորեն մեծացնել ընկույզի այգիները ու կառուցել նոր արտադրամաս։ Բացի այդ, այն նպաստում է հատկապես գյուղական համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Եվ ամենակարևոր գործոնը՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ անելու համատեքստում գործընկերոջ փորձառությունն է, որը համապատասխանում է Ամունդի-Ակբայի չափանիշներին»։
«Բիզնեսի հիմնադիրները ֆինանսավորման երկու աղբյուր ունեն. մեկը վարկային գործիքներն են, բանկն է, մյուսը սեփական կապիտալն է։ Հայաստանում բանկային ոլորտը բավականին հագեցած է ու արդյունավետ է գործում, բայց սեփական կապիտալի մասը չկար։ Ամբեր Կապիտալը բացի գումարից մի շարք այլ առավելություններ է կարողացել ընձեռել ընկերությանը՝ հիմնականում կորպորատիվ կառավարման ոլորտում։ Ներդրումից հետո ստեղծվել է տնօրենների խորհուրդ, որտեղ ունենք մեր ներկայացուցիչը, նշանակվել է ֆինանսական տնօրեն, արտաքին աուդիտի ինստիտուտն է ներմուծվել։ Այս ամենը նպաստում է ընկերության նոր մշակույթի ձևավորմանը. այն փոքր հիմնարկից անցնում է կորպորատիվ փուլ։ Շատ կարևոր է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի դերը. նրանք մեզ հետ էին առաջին օրվանից, եթե այդ առաջին ներդրումը չլիներ, հնարավոր է չլիներ ամբողջ ֆոնդի՝ ընդհանուր 60 մլն դոլարի ներդրումը»,- նշել է Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային գծով տնօրեն Գրիգոր Հարությունյանը։
Վոլնաթ Ֆարմսը ցանկանում է ստեղծել համայնք, որտեղ բոլոր ընդեղեն արտադրողները կարող են միմյանց հետ կիսվել փորձառությամբ՝ ինչպես հիմնել այգի, մշակել, ներդնել տեխնոլոգիաներ։