Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023 13:31
Ալինա Հովհաննիսյան

Ռուստամ Բադասյան. Մարգարայի անցակետում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են

Ռուստամ Բադասյան. Մարգարայի անցակետում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են

Արմինֆո. Մարգարայի (հայ-թուրքական սահման) անցակետում շինարարական աշխատանքներն ակտիվ են ընթանում։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։"Աշխատանքների ավարտի ստույգ ժամկետ չեմ կարող նշել, բայց դրանք շուտով կավարտվեն", - ընդգծել է ՊԵԿ նախագահը:

 

Արդրադառնալով հարցին, թե արդյոք շինարարական աշխատանքներից անմիջապես հետո անցակետը կբացվի, Բադասյանը նշել է, որ այդ հարցի պատասխանը ՊԵԿ-ի իրավասության մեջ չի մտնում: <Մեր կողմից մենք պետք է անհրաժեշտ պայմաններ ապահովենք անցակետում պատշաճ մաքսային հսկողության համար։ Դա մենք իրականացնում ենք>, - եզրափակել է նա։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այս տարվա հունվարին հաղորդել էր, թե Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման աշխատանքներին: "Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ մեր նախարարն իր ելույթում նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հարցի շուրջ աշխատանքին նոր թափ հաղորդելու վերաբերյալ։ Երկու նախարարներն էլ եկել են այդ համաձայնության, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կարճ ժամանակում սկսենք Մարգարայի կամրջի շահագործումը", - ասել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքները ։

 

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին առաջին անգամ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի առնչությամբ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համակարգմամբ։