
Արմինֆո. Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը սույն թվականի հուլիսի 30-ից առաջին անգամ կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության համաձայն, չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի: Մանրամասները ներկայացված են ավիաընկերության կայքում՝ lufthansa-cargo.com:
Նշենք, որ Lufthansa Cargo - ն աշխարհի առաջատար բեռնափոխադրող ընկերությունների շարքում է։ Վերջին տվյալներով՝ ընկերությունում աշխատում է շուրջ 4500 մարդ՝ ողջ աշխարհում։ Ավիափոխադրողը սպասարկում է աշխարհի 100 երկրների շուրջ 300 նպատակակետեր իր բեռնատար օդանավերով, իրականացնում է ուղևորափոխադրումներ "Լյուֆթանզա" (Lufthansa), "Ավստրիական ավիաուղիներ" (Austrian Airlines) և Eurowings-ի միջոցով: Բեռների բիզնեսի հիմնական մասն անցնում է Ֆրանկֆուրտի օդանավակայանով ։ Lufthansa Cargo-ն գերմանական Deutsche Lufthansa AG ընկերության դուստր ձեռնարկությունն է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում օդային բեռնափոխադրումները 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել են 98,4% - ով՝ մինչև 12,7 հազար տոննա։