Արմինֆո.Այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ հավանություն է տրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ և բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաև առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից:
Նախագծով առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի հետ կապված նշել է. «Քանի որ կարող են լինել որոշ քննադատություններ, չնայած՝ մենք դատավորների աշխատավարձերը բարձրացնում ենք թոշակների բարձրացումից և նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո, բայց ամեն դեպքում ուզում եմ շեշտել, որ մենք դատավորների և ընդհանրապես՝ պաշտոնյաների աշխատավարձերն առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից: Դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է:
Երբ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում էինք և Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում, այն ժամանակ այդ մտահոգությունները կար, որ մենք անհամաչափություն ենք ստեղծում, բայց ասում էինք, որ ընդհակառակը՝ մենք այդ նշաձողը սահմանում ենք հետագայում այլ օղակներում նույնպես այդ աստիճանին հասնելու համար, ինչը, ըստ էության, անում ենք: Եվ այո՛, առաջիկայում՝ նաև մեր բյուջետային հնարավորություններից կախված, նաև Վերաքննիչ դատարանին էլ կանդրադառնանք»:
Կառավարության ղեկավարը կարևորել է աշխատավարձերի փոփոխությունը և ֆինանսական ծախսը՝ ընդգծելով, որ այն պիտի ենթադրի նաև բովանդակային փոփոխություններ. «Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև, օրինակ՝ Կառավարությունը, ըստ էության, քաղաքականություններ վարելու մի քանի գործիք ունի, որոնցից ամենակարևորը պետական բյուջեի միջոցների ծախսումն է: Եվ մենք, պետական բյուջեում ուղղություններով ծախսումներ իրականացնելով, իրականացնում ենք քաղաքականություն: Մենք, օրինակ, հանրակրթության ոլորտում քաղաքականությամբ բերում ենք նաև որոշակի բովանդակային փոփոխություններ՝ Զինված ուժերում, իրավապահ համակարգում և այլն, և այդպես շարունակ»,- ասել է
Նիկոլ Փաշինյանը և հավելել է, որ այս ֆինանսական ներդրումների արդյունքում ակնկալվում է ունենալ նոր ստանդարտի դատական համակարգ: «Մենք պետք է համոզված լինենք, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ՝ ոչ միայն Կառավարությունից, այլև ընդհանրապես՝ անկախ դատական համակարգ: Պատկերացրեք, որ դա շատ մեծ հարցեր կլուծի, և շատ մեծ լարվածություններ կնվազեն, եթե մենք բոլորս իմանանք, որ Հայաստանում կա անկախ դատական համակարգ, և այդ անկախ դատական համակարգը գործում է օրենքի, օրինականության, արդարության և Սահմանադրության շրջանակներում, որը պետք է խոստովանենք, որ լիարժեք չենք կարողացել լուծել: Բայց լուծումը մեկն է՝ պետք է անհոգնել, անընդհատ աշխատել այս ուղղությամբ և գնալ առաջ»,- ասել է վարչապետը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իր հերթին ընդգծել է, որ դատական համակարգում իրականացվող բարեփոխումների և կոմպլեքս լուծումների նպատակը քաղաքացիներին որակյալ և արագ ծառայությունների մատուցումն է: -