Արմինֆո. Կառավարությունը հուլիսի 27-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ի թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն N 2»-ի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ի թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №2-ով նախատեսվում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի իրականացման և վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետները երկարաձգել համապատասխանաբար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի մարտի 1-ը: Համաձայնագրի նախորդ՝ №1 փոփոխությամբ նշյալ ժամկետները երկարաձգվել էին համապատասխանաբար մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը և 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:
Ծրագրով նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, որի հետևանքով մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով տարեկան կտնտեսվի շուրջ 19․0 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը։ Միաժամանակ, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, և փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման կիրառումը, ինչպես նաև կնպաստի Սևանա լճից ջրառի կրճատմանը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Վարկային միջոցների մասհանված գումարը կազմում է 70 մլն եվրո գումար, իսկ չմասհանված միջոցների ընդհանուր գումարը՝ 5 մլն եվրո գումար։