Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 12:31
Ալեքսանդր Ավանեսով

Չինաստանում քննարկվել է Հայաստանի և ՉԺՀ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կազմակերպելու հնարավորությունը

Չինաստանում քննարկվել է Հայաստանի և ՉԺՀ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կազմակերպելու հնարավորությունը

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ։ 

️Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագիրն ավարտական փուլում է և առաջիկայում պատրաստ կլինի ստորագրման։ 

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարությանը, մասնավորապես ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման, վերակառուցման նախագծերում կարողություններ ունեցող չինական ընկերությունների ներգրավմանը։ 

 

Քննարկվել են միջազգային տրասպորտային ուղիների զարգացմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև կանոնավոր օդային հաղորդակցության կազմակերպումը, ինչպես նաև ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու փորձագետների ներգրավումը։ 

 

Ընդգծվել է վերը նշված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։