Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 14:52
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյանը Բելառուսի հետ Հայաստանի առևտրաշրջանառության բարձր ցուցանիշներ է ակնկալում

Վահան Քերոբյանը Բելառուսի հետ Հայաստանի առևտրաշրջանառության բարձր ցուցանիշներ է ակնկալում

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանը, երկու երկրներում իրականացվող հակամենաշնորհային քաղաքականությանը, Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Բելառուսի հետ 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է 80 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ապահովել առևտրաշրջանառության առավել բարձր ցուցանիշներ։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է 2 անգամ՝ գերազանցելով 80 մլն դոլարը։ Ընդ որում, արտահանումն աճել է 3.3 անգամ՝ մինչեւ 38.5 մլն դոլար, ներմուծումը՝ 47.2 տոկոսով՝ մինչեւ 41.5 մլն դոլար։