Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023 09:56
Ալեքսանդր Ավանեսով

Չինական ընկերությունը մտադիր է Հայաստանում տարբեր տարողության ավտոբուսների արտադրության կամ հավաքման գործարան հիմնել

Չինական ընկերությունը մտադիր է Հայաստանում տարբեր տարողության ավտոբուսների արտադրության կամ հավաքման գործարան հիմնել

Արմինֆո.   ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ավտոբուսների արտադրությամբ զբաղվող չինական «Քինգ Լոնգ» («Xiamen King Long United Automotive Industry) ընկերության ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Կորյուն Ղազարյանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային քաղաքականությունը, տրանսպորտի որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքը։

 

Քննարկվել է ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Մասնավորապես ընկերության ներկայացուցիչները մտադրություն են հայտնել Հայաստանում տարբեր տարողության ավտոբուսների արտադրության կամ հավաքման գործարան հիմնել։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այց կազմակերպել Հայաստան, որպեսզի ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրեն հայաստանյան շուկան, առկա հնարավորությունները և հետագա համագործակցության հնարավորությունները։