Արմինֆո.Միջազգային Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» մանրածախ ֆինանսական բիզնեսի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար։ Հաղթողն ընտրվում է՝ հիմնվելով բարձր ֆինանսական արդյունքների, նորարարական ծառայությունների, հաճախորդակենտրոն մոտեցման և կայուն զարգացման ուղղությանը հավատարմության վրա:
Ամսագրի տարածած մամլո հաղորդագրության մեջ ընդգծվում է Արդշինբանկի ֆինանսական դիրքի ուժեղությունը։ Ըստ ամսագրի՝ դրա մասին են խոսում բանկի ընդհանուր ակտիվների և պարտավորությունների զգալի աճը, հաճախորդների բազայի և զուտ եկամտի աճը: Բացի այդ՝ առաջատար վարկանիշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշերը վկայում են բանկի ֆինանսական կայունության մասին։
Մեկնաբանելով ստացված բարձր գնահատականը՝ Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը մասնավորապես նշեց. «Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է տարվա մանրածախ բանկ Հայաստանում։ Մենք առաջնորդվում ենք հաճախորդների շահերով՝ մշտապես ընդլայնելով ծառայությունների, հատկապես առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Բացի այդ՝ մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր թվային հավելվածները, որոնք տարեցտարի ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում ինչպես սպասարկման որակի բարելավման, այնպես էլ բնապահպանական պատասխանատվության գաղափարի տարածման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման գործում: Թվային բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ՝ պետք է նշել, որ Արդշինբանկն ունի ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում, ինչը ևս նպաստում է մեր հաճախորդների հարմարավետությանը: Այս ամենը պատշաճ կերպով գնահատվում է միջազգային ֆինանսական հանրության կողմից, և մեզ համար ուղենիշ է դառնում ապագայի համար»:
Արդշինբանկը տարբեր անվանակարգերում բազմիցս է լավագույնը ճանաչվել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պարբերականների կողմից, որպիսիք են՝ «The Banker», «Global Finance», «Euromoney», « Global Banking & Finance Review», Asian Banking & Finance, «Thomson Reuters», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Զարգացման եվրասիական բանկ:
RETAIL FINANCE AWARDS-ի հաղթողների ցանկը կարող եք գտնել այստեղ: