Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023 15:50
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը հավաստիացնում է. ցորեն աճեցնող ֆերմերները շահույթով են աշխատում

Էկոնոմիկայի նախարարը հավաստիացնում է. ցորեն աճեցնող ֆերմերները շահույթով են աշխատում

Արմինֆո.Անցյալ տարի աշնանացան ցորեն աճեցնող ֆերմերներին պետական աջակցության ծրագիրը բավական հաջող էր։ Այդ մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Ընդ որում, նա նշել է, որ անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները թույլ չտվեցին, որպեսզի Գեղարքունիքի մարզի համայնքներում և Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ծրագիրը լիարժեք իրականացվի: Սակայն, այնուամենայնիվ, ինչպես հաղորդել է նախարարը, անցյալ տարի հաջողվել է մշակել 13 հազար հեկտարով ավելի ցանքատարածություններ, որոնց յուրաքանչյուր հեկտարը սուբսիդավորվել է պետության կողմից։

 

"Ֆերմերների հետ խոսակցությունները ցույց տվեցին, որ մեր աջակցությունը կրիտիկական նշանակություն ուներ, որպեսզի այդ գործով զբաղվող ֆերմերները եկամուտ ունենան", - ասել է Քերոբյանը:

 

Լրագրողների դիտարկմանը, թե գյուղացիներն իրենց ցորենը չեն կարողանում իրացնել գների անմրցունակության պատճառով, քանի որ ՌԴ-ից մեծ ծավալներով ներկրված ցորենն ավելի ցածր գին ունի, Քերոբյանը նշել է, որ նման խնդիրներ ֆերմերների կողմից չեն բարձրաձայնվել: "Չնայած գները նվազել են , ցորենի արտեր մշակող հայ ֆերմերները շահույթով են աշխատել", - վստահեցրել է նա:

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ աշնանացան ցորենի ցանքատարածությունները կազմել են 72 857 հա, ինչը 25.2%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Մաքսային տվյալների համաձայն ՝ Հայաստանը 2022 թվականին ներմուծել է 364,7 հազար տոննա ցորեն, ինչը 34,4%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը, ընդ որում, մաքսային արժեքն աճել է 64% - ով ՝ մինչեւ 102,3 մլն դոլար։

 

Հայաստանը ցորեն է ներկրում, հիմնականում, ՌԴ-ից (99,9%)։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից հավանության էր արժանացել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ծրագրի հիմնական նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գների սուբսիդավորման միջոցով նպաստել գյուղատնտեսական բարձր ցուցանիշներով սերմերի մատչելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը, այդ թվում ՝ չմշակվող հողերի ընդգրկման հաշվին: Այն նաև ուղղված է տնտեսվարող սուբյեկտների եկամուտների աճին։ Կառավարությունը մտադիր է փոխհատուցել տնտեսվարողների ծախսերը 120 հազար դրամի չափով դրամ մեկ հեկտարի համար, եթե ֆերմերները ցանքի համար օգտագործել են ցորենի էլիտար սերմերի սերտիֆիկացված տեսակներ: Իսկ չսերտիֆիկացված սերմացուի օգտագործման դեպքում նրանց կփոխհատուցվի 70 հազար դրամի չափով ծախս (կրկին մեկ հեկտարի հաշվարկով) ։

 

"Ընդհանուր առմամբ հատուցման ենթակա գումարը կկազմի շուրջ 2 մլրդ 425 մլն դրամ։ Սակայն այս տարի ևս նախատեսել ենք համայնքներին 72 մլն 750 հազար դրամի չափով հատկացում ՝ այս ծրագրով մոնիթորինգ իրականացնելու համար: Դրա համար պետբյուջեից հատկացվող միջոցների չափը կկազմի 2 մլրդ 497 մլն 750 հազար դրամ", - պարզաբանել է փոխնախարարը ։ Առաջին անգամ աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է դեռևս 2020 թվականի ամռանը ՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում ։ Ծրագրի շրջանակներում աշնանացան ցորենի արտադրությամբ զբաղվող և այդ մշակաբույսով 2-20 հեկտար դաշտեր ցանող ֆերմերներին կտրամադրվի պետական սուբսիդավորում կամ գնային փոխհատուցում էլիտար սորտերի բարձրորակ սերմերի գնման համար: