Արմինֆո. Համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են Google Cloud-ը, Netflix-ը, Microsoft-ը, Booking.com-ը, Cloudflare-ը եւ LKI Consulting-ը, իրենց փորձն ու գիտելիքներն են ներկայացրել հայաստանյան ՏՏ համայնքին:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության համաձայն, Երևանում կայացել է « Jump Dev Conference» տեխնոլոգիական կոնֆերանսը, որը կազմակերպել էր հայկական «Ucraft» ընկերությունը։
Կոնֆերանսին մասնակցել են ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, տարբեր ոլորտների փորձագետներ, հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր Google Cloud, LKI Consulting, Yandex, Cloudflare, այլ միջազգային առաջատար կազմակերպություններից:
Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես են եկել նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ucraft ընկերության հիմնադիր Գև Բալյանը։
Նախարարը ողջունել և կարևորել է նման ձևաչափով հավաքների անցկացումը։
Միջոցառման շրջանակներում համաշխարհային ճանաչում ունեցող Google Cloud-ի, Netflix-ի, Microsoft-ի, Booking.com-ի, Cloudflare-ի, LKI Consulting-ի ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձով և գիտելիքներով, պատմել ոլորտի վերջին միտումների ու զարգացումների մասին։
Կոնֆերանսում ներկայացված թեմաներն առնչվել են ավտոմատացված ուսուցմանը, արհեստական բանականության հնարավորություններին, cloud computing-ին, open-source software-ին, blockchain-ին և այլն:
«Jump Dev Conference» տեխնոլոգիական կոնֆերանսի նպատակն է՝ ստեղծել հարթակ, որը կմիավորի ոլորտի հայ և միջազգային մասնագետներին, կամուրջ կդառնա փորձառու և երիտասարդ մասնագետների միջև, կխթանի համագործակցությունը և կնպաստի նորարարական մտքերի տարածմանը։