
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Նախարարության հաղորդագրութթյան համաձայն, կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին, մասնավորապես, շինարարության, առողջապահության, մշակող արդյունաբերության, արևային էներգիայի ոլորտներում։
Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտների վերաբերյալ:
Նշենք, որ ԱԳՆ տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանը Եգիպտոս է արտահանել 130.5 հազար դոլարի ապրանք (տարեկան աճը ՝ 6.3 անգամ), ընդ որում ՝ ներմուծման ծավալները գերազանցել են 24 մլն դոլարը ՝ տարեկան 74.5 տոկոս աճով։