
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ինչպես նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը մաքսային իրավախախտումների տեսանկյունից նվազ ռիսկային է։ «Այդ կարգավիճակը տնտեսվարողին հնարավորություն է տալիս օգտվելու մաքսային մի շարք պարզեցված ընթացակարգերից։ Ավելի պարզ ձևակերպմամբ՝ տնտեսվարողը փուլ առ փուլ դառնում է ինքն իր մաքսային տեսուչը և մաքսային մարմինների հետ իր հարաբերությունները հասցվում են նվազագույնի»,– նշել է ՊԵԿ նախագահը:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս փուլում այդպիսի տնտեսվարողներին նախ տալիս են արտահերթ սպասարկման հնարավորություն: «Երկրորդը, իրենք չեն օգտվելու ժամանակավոր պահպանության պահեստներից, այսինքն` սահմանային անցակետերից կարող են միանգամից իրենց ապրանքը տանել իրենց պահեստ: Հետագա փուլերում ևս երկու պարզեցված ընթացակարգ պատրաստ ենք ներդնել, որով մաքսային մարմնի հետ կապն իսպառ արդեն կբացակայի՝ տնտեսվարողն ինքը կարող է պլոմբեր կիրառել ներմուծելիս և արտահանելիս: Բացի այդ, սահմանային կետից բացթողումը կարող է կատարվել հայտարարագիրը հետագայում ներկայացնելու և մաքսային վճարները հետագայում կատարելու պայմանով: Այս մասով թվային լուծումը պատրաստ է և այն շուտով կներդրվի»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Նա նշել է, որ որոշմամբ ևս մեկ խոչընդոտ է վերացվում գործընթացում. լիազորված տնտեսական օպերատոր կարող են լինել այն տնտեսվարողները, որոնք օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունեն, այսինքն` ՀՆԱ–ն 0.05 տոկոս գերազանցող հարկային լրացուցիչ պարտավորություն չունեն։ «ՀՀ–ում դեռևս ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չկա»,– ասել է Ռուստամ Բադասյանը:
Նշենք, որ համաձայն ԵԱՏՄ ՄՕ-ի՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու մասին վկայագրի ուժի մեջ մտնելու օրվանից լիազորված տնտեսական օպերատորը դասվում է ռիսկի ցածր մակարդակի կատեգորիայում: Երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ սույն օրենսգրքի 437 հոդվածով նախատեսված առանձին հատուկ պարզեցումները կարող են փոխադարձ հիմունքներով տրամադրվել միության անդամ չհանդիսացող պետությունների լիազորված տնտեսական օպերատորներին ։ Ընդ որում, նման հատուկ պարզեցումները կարող են կիրառվել միայն այդպիսի միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող անդամ պետության տարածքում։