Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ձգտում է վերացնել համալիր ստուգումների տարեկան ծրագրի հրապարակման պահանջը: Այս եւ այլ նորույթները, որոնք հեշտացնում են բիզնեսի կյանքը, հանրության դատին են ներկայացվում իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում՝ մինչեւ սեպտեմբերի 16-ը:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է:
- սահմանել, որ հարկային հաշվարկները (ճշգրտված հարկային հայտարարագիրը չեն կարող ներկայացվել, նույնիսկ, այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է տվյալ հարկատեսակի գծով ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որում սկսվել է ստուգումը տվյալ հարկատեսակի գծով, սակայն հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ գործընթացը կասեցված է, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկի հաշվարկների;
- սահմանել, որ ԱԱՀ-ի մասով հարկային պարտավորությունն ավելացնող եւ (կամ) հաշվանցման (պակասեցման) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները կարող են ներկայացվել նաեւ հարկային մարմնի ուսումնասիրած հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաեւ այն հաշվետու ժամանակաշրջանի համար, որի արդյունքում ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան ՝ կառավարության սահմանած պարզեցված կարգով;
- ուժը կորցրած ճանաչել համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրի հրապարակման պահանջը;
- սահմանել, որ համալիր հարկային ստուգում և տրանսֆերային գնագոյացման ստուգում անցկացնելու մասին հրամանը հարկ վճարողին ծանոթացման համար ներկայացվում է ստուգման անցկացման օրը;
- սահմանել, որ հարկային պարտավորությունների ներկայացման ժամկետները լրանալու դեպքում, եթե հարկային պարտավորությունների ճշգրտման արդյունքում հարկային պարտավորությունն ավելանում և (կամ) նվազում է հաշվանցման (պակասեցման) գումարը, ապա օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան վերանայվում են հարկային պարտավորությունները կամ գումարների հաշվանցումները (պակասեցումները):
Ինչպես ասվում է փաստաթղթին կից պարզաբանման մեջ, նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել հարկային մարմնի վերահսկողական միջոցառումների արդյունավետությունը և աջակցել հարկային իրավախախտումների հայտնաբերման գործընթացին:
Նշվում է, որ ներկայում Հարկային օրենսգիրքը թույլ է տալիս հարկ վճարողներին ստուգման ընթացքում ներկայացնել ճշտված հաշվարկ, որը վերաբերում է ստուգվող ժամանակահատվածին: Ընդ որում, համալիր հարկային ստուգումներն իրականացվում են՝ հաշվի առնելով հարկ վճարողների ռիսկայնությունը տարեկան ծրագրի հիման վրա, որը զետեղվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում: "Նշված դրույթները ստեղծում են այնպիսի իրավիճակ, որը պարունակում է "անբարեխղճության վտանգ", ինչպես նաեւ նվազեցնում են իրականացվող ստուգումների արդյունավետությունը", - կարծում են նախաձեռնության հեղինակները' ի դեմս հարկային-մաքսային մարմնի: